Այսօր Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցում (նախկին թիվ 30) կայացավ հանդիպում դպրոցի տնտեսագիտական, կենսաքիմիական և հումանիտար հոսքերի 10, 11, և 12-րդ դասարանի աշակերտների հետ: Հանդիպմանը ներկա էին Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արման Ավետիսյանը և Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության բաժնի պետ Սուրեն Պետրոսյանը:
Հանդիպումը բացման խոսքով սկսեց դպրոցի տնօրեն Նարինե Սարգսյանը: Նախ Տիկին Սարգսյանը ողջունեց ներկաներին, ապա դիմելով աշակերտներին՝ հորդորեց լինել անկաշկանդ և ակտիվ:
Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ պարոն Ավետիսյանը համառոտ ներկայացրեց գործառույթները, ապա դիմելով լսարանին՝ կոչ արեց լինել համարձակ և, որպես մեր երկրի մատաղ սերունդ, հետևողական լինել երկրի զարգացման ընթացքին, սեփական լուման ունենալ նրա բարգավաճման գործում, լինել արժանապատիվ քաղաքացի:
Աշակերտները հանդես եկան տարաբնույթ հարցերով (մակնշման, արտադրանքի անվտանգության, համապատասխանության գնահատման փաստաթղթի, խաղալիքների, օծանելիքակոսմետիկական արտադրանքի վերաբերյալ) և հանդիպումը վերածվեց իսկական գործնական քննարկման:
Հանդիպման ավարտին, ամփոփելով՝ պարոն Ավետիսյանը նշեց, որ շատ տպավորված է աշակերտների՝ մեր երկրի կյանքով հետաքրքրված և նրա զարգացման գործում արդեն իսկ պատրաստակամ լինելու փաստով: «Չափազանց կարևոր է, որ, սկսած դեռ դպրոցական տարիքից, մատաղ սերնդի ներկայացուցիչները մտահոգված են երկրի խնդիրներով և դրանց լուծման եղանակներ գտնելով: Ողջունում եմ բոլորիդ և վստահեցնում, որ ձեր նման երիտասարդներն են մեր երկրի ապագան»,-ասաց Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արման Ավետիսյանը: Դպրոցի տնօրեն տիկին Սարգսյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց նման միջոցառում նախաձեռնելու համար: