Այսօր կայացավ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հերթական իրազեկում-հանդիպումը, որը անց էր կացվում Արարատի մարզի մարզպետարանի նիստերի դահլիճում: Հանդիպմանը մասնակցում էին Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը, ղեկավարի տեղակալ Արթուր Մկրտչյանը և երեք տասնյակից ավելի տնտեսվարողներ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը, ով հակիրճ ներկայացրեց տեսչական մարմնի գործառույթները' հավելելով, որ այս ամենը կազմակերպվել է տնտեսվարողների հետ գործընկերային հարաբերություններ ձևավորելու և նրանց՝ իրենց գործունեությունը կարգավորող տեխնիկական կանոնակարգերի պահանջները իրազեկելու նպատակով:
Հանդիպումն ընթացավ բուռն քննարկումներով: Տնտեսվարողները բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերը, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ թե՛ պարոն Կոտոլյանի և թե՛ պարոն Մկրտչյանի կողմից: Քննարկվեցին տարաբնույթ հարցեր՝ կապված ԱԳԼՃԿ-ների, բենզինի, խաղալիքների, սերտիֆիկացման և բուժհիմնարկներում՝ չափագրող սարքերի չափագիտական վերահսոկողության հետ:
Հանդիպման ավարտին պարոն Կոտոլյանը շնորհակալություն հայտնեց տնտեսվարողներին՝ հորդորելով լինել ավելի ակտիվ և ցանկացած խնդիրների դեպքում զանգարել տեսչական մարմին: