Ապրիլի 15-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը: ՇՎՏՄ ղեկավար Արմեն Կոտոլյանը ներկայացրեց տեսչական մարմնի օրակարգում ներառված հարցերը:Կառավարման խորհրդի անդամները հավանություն տվեցին 2021 թվականի առաջին եռամսյակում Տեսչական մարմնի ստացած բողոքների հաշվետվությանը: Էկոնոմիկայի նախարարը կարևորեց նաև տնտեսավարողների և քաղաքացիների շրջանում իրազեկման աշխատանքների արդյունավետության բարձրացումը:Նիստի ընթացքում կառավարման խորհրդի անդամները քննարկեցին հեղուկ վառելիքի որակի նկատմամբ վերահսկողության իրականացմանն առնչվող խնդիրներ: Հնչեցին նաև կեղծված (կոնտրաֆակտ) և թուրքական արտադրության ապրանքների շուկայահանման նկատմամբ վերահսկողության մեխանիզմների կիրառման տարբեր մոտեցումներ:Որոշվեց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի, Էկոնոմիկայի նախարարության և Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից համատեղ աշխատանքներ իրականացնել նշված ոլորտներում համապատասխան իրավական դաշտի մշակման ուղղությամբ (ժամկետ է սահմանվել 3 ամիս):