Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն այսօր՝ նոյեմբերի 16-ին, Արմավիրի մարզում էր: Անց էր կացվում հերթական հանդիպումը տնտեսվարողների հետ: Թեման, ինչպես միշտ, տնտեսվարողներին իրազեկումն էր ոչ պարենային արտադրանքների ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի, դրանց փոփոխությունների և տեխնիկական կանոնակարգերի պահանջների մասին:
Հանդիպմանը մասնակցում էին Արմավիրի մարզի բուժհիմնարկների, ԱԳԼՃԿ-ների, բենզալցակայանների, առողջարանների, դեղատների, թանկարժեք մետաղների և ոչ պարենային այլ ապրանքների մեծածախ ու մանրածախ առևտրով զբաղվող մոտ հիսուն տնտեսվարողներ:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տէղակալ Արթուր Մկրտչյանը նշեց, որ հանդիպումը նպատակ ունի հնարավորինս վերացնել Տեսչական մարմին-տնտեսվարող անջրպետը և անցնել գործընկերային համագործակցության: Իր խոսքում պարոն Մկրտչյանը տնտեսվարողներին հորդորեց նաև՝ լինել անկաշկանդ և ակտիվ՝ իրենց հուզող խնդիրների վերաբերյալ հարցադրումներում:
Հանդիպումն անցավ կառուցողական քննարկումներով: Եղան հարցադրումներ, առաջարկություններ: Արթուր Մկրտչյանը պատասխանեց տնտեսվարողների հարցերին, իսկ ներկայացված առաջարկությունների և խնդիրների վերաբերյալ տնտեսվարողներին հույս հայտնեց, որ Տեսչական մարմինը կփորձի իր լիազորությունների շրջանակում այդ խնդիրները և առաջարկությունները հասցնել պատկան մարմիններին:
Ամփոփելով հանդիպումը՝ Արթուր Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց տնտեսվարողներին՝ իրենց ժամանակը տրամադրելու և հանդիպմանը մասնակցելու համար: Նա նշեց, որ հենց այսպիսի ակտիվ քննարկումների արդյունքում է, որ ձևավորվում է վստահության մթնոլորտ: