Տեղի ունեցավ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հանդիպումը Վեդիի խոշորացված համայնքի տնտեսվարողների հետ: Հանդիպմանը ներկա էին Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը, ղեկավարի տեղակալ Արթուր Մկրտչյանը և Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը: Հանդիպման նպատակը ոչ պարենային արտադրանքների ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական փոփոխություններին, դրանցով պայմանավորված՝ վերահսկողության նոր մեխանիզմներին և տեխնիկական կանոնակարգի պահանջներին հերթական անգամ տնտեսվարողներին իրազեկելն էր: Հանդիպմանը ներկա մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող տնտեսվարողները հնարավորություն ունեցան հնչեցնել բենզինի, հեղուկ գազի, սեղմված բնական գազի (ԱԳԼՃԿ), դեղատների և ոչ պարենային այլ ապրանքների ոլորտում իրենց գործունեության հետ կապված հարցադրումներ և Տեսչական մարմնի ղեկավարի կողմից ստանալ սպառիչ պատասխաններ: Արմեն Կոտոլյանը խոստացավ անպայման հաշվի առնել համայնքի տնտեսվարողերի կողմից բարձրացված առաջարկությունները, նաև հավելեց, որ գործընկերային մթնոլորտի և փոխվստահության վրա հիմնված համագործակցության ձևավորման նպատակ հետապնդող այսպիսի հանդիպում-քննարկումները լինելու են շարունակական: