Ընթացիկ տարում ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում են լինելու մի շարք ուղղություններ, մասնավորապես թիրախավորվելու են ԱԳԼՃԿ-ները, բենզինի, դիզելային վառելիքի, խաղալիքների, օծանելիքի, կոսմետիկական արտադրանքի, ծխախոտի, թանկարժեք մետաղների վաճառքները։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Մկրտչյանը նշեց, որ առանձնացրել են այն ուղղություններն ու ոլորտները, որտեղ ռիսկերն ավելի շատ են։
«Ստուգումներն ու ուսումնասիրությունները կատարվում են ինչպես պլանային, այնպես էլ ահազանգերի, դիմումների հիման վրա։ Ասեմ, որ քաղաքացիները մեզ դիմում են տարբեր հարցերի հետ կապված։ Հիմնականում խնդիր են բարձրացնում ավտոմեքենաների վառելիքի վաճառքի պարագայում թերլցումների ու խաղալիքի, երեխաներին առնչվող ապրանքների որակի մասին»,-ասաց Արթուր Մկրտչյանը։
Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը նշեց, որ այս ընթացքում բավական լավարկել են իրենց վերահսկողական գործիքակազմը, ինչը տալիս է ցանկալի արդյունք։ Մասնավորապես, այդ լավարկումները վերաբերում են ստուգումների ձևաչափին, ինչպես նաև տուգանքների վերանայմանը։
«Օրինակ՝ ԱԳԼճԿ-ների դեպքում տուգանքի չափը 50․000-100․000 դրամ էր, դա, կարելի է ասել, որ զսպաշապիկ չէր լինում տնտեսվարողի համար։ Ասվում էր՝ տուգանի ու նույն ձևով շարունակվում էր։ Կատարվեցին օրենսդրական փոփոխություններ ու տուգանք սահմանվեց ստուգմանը նախորդած եռամսյակի շրջանառության 1 տոկոսի չափով, գումարած՝ 200 հազար դրամ։ Դրանից բացի, եթե նախկինում 3 օր առաջ զգուշացնում էինք տնտեսվարողին, որ ստուգումներ ենք անցկացնելու, ապա հիմա ընդհանրապես չենք տեղեկացնում, և տնտեսվարողի համար անակնկալ է լինում։ Մենք ուսումնասիրության համար վերցնում ենք նմուշ ու տնտեսվրողը տեղյակ չի լինում»,-ասաց Արթուր Մկրտչյանը։
Առավել մանրամասն «Արմենպրես»-ի կայքում․